Փաստեր՝ կեղծ խոստումների փոխարեն

նկարը մեծացնել

#rumoursabout Germany: Գերմանիայի արտգործնախարարության նոր կայքէջը միգրանտներին տրամադրում է փաստեր՝ ընդդեմ ապօրինի ներգաղթ կազմակերպողների կողմից ներկայացվող կեղծ տեղեկությունների

Հարցերը հասարակ են և անդրադառնում են միգրանտների ու պոտենցիալ փախստականների շրջանում լայնորեն շրջանառվող խոսակցություններին , ինչպես օրինակ. «Գերմանիա հասնելիս արդյո՞ք գումար կստանաս»: «Ոչ»,- հնչում է Գերմանիայի արտգործնախարարության՝ միգրանտների հարցերով տեղեկատվական կայքի հստակ պատասխանը: «Հակառակ մարդկային առևտրով զբաղվողների տարածած թյուր տեղեկությունների՝ Գերմանիան ներգաղթի գումար՝ այսպես կոչված «բարեգալստյան գումար» չի տրամադրում»:

www.rumoursaboutgermany.info կայքով Գերմանիայի արտգործնախարարությունը շարունակում է 2015թ. աշնանն արտերկրում մեկնարկած իր տեղեկատվական արշավը: Նոր՝ անգլերենով, ֆրանսերենով և արաբերենով հասանելի կայքում սեղմ շարադրանքով և փաստարկված կներկայացվեն միգրանտների և փախստականների վերաբերյալ բոլոր կարևոր տեղեկույթները՝ հերքելու ապօրինի ներգաղթ կազմակերպողների կողմից համացանցում սփռված ընթացիկ բամբասանքները: «Կայքը նախատեսված է նաև սմարթֆոնների համար և պարզ, հասկանալի լեզվով հասցեագրված է այն մարդկանց, ովքեր Գերմանիա գալու մտադրություն ունեն, ովքեր արդեն ճանապարհին են կամ արդեն Գերմանիայում»,- առցանց այս հնարավորության հայեցակարգն է պարզաբանում Ռազմավարական հաղորդակցության հանձնակատար Անդրեաս Քինդլը: Միգրանտների ուշադրությունն այս կայքին հրավիրելու նպատակով կայքը գովազդվում է Գերմանիայում և տարբեր երկրներում սոցիալական մեդիաների ամենատարբեր հարթակներում, ինչպես նաև թռուցիկների միջոցով: Ինչպես անվանումն ինքը ցույց է տալիս #rumoursaboutgermany՝    կայքի նպատակը հիմնականում թյուր տեղեկատվության փոխարինումն է փաստերով:  Նիգերիայում, Պակիստանում կամ Ալժիրում, օրինակ, բազմաթիվ թյուր տեղեկություններ են շրջանառվում Եվրոպայի և Գերմանիայի վերաբերյալ, մասնավորապես, որ յուրաքանչյուր փախստական Գերմանիայում տուն է նվեր ստանում: Շատ հաճախ ապօրինի ներգաղթ կազմակերպողները միտումնավոր են այսպիսի պատմություններ տարածում սոցցանցերով:

«Մենք առարկայորեն, փաստարկված բացատրում ենք, որ Գերմանիայում նոր կյանք սկսելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես շատերը կարծում են, առանց տպավորություն ստեղծելու, թե մենք միայն բացասական օրինակներից ենք խոսում»,-նշում է Քինդլը: Ըստ այդմ, օրինակ, կայքը ցրում է այն թյուր կարծիքը, թե Գերմանիայում բավական է միայն անգլերենի իմացությունը , կամ թե՝ կառավարությունը յուրաքանչյուրին ապահովում է աշխատանքով: Կան հոդվածներ, որոնք հասցեագրված են արդեն իսկ դեպի Եվրոպա վտանգավոր ճանապարհին գտնվող մարդկանց, և նրանց ծանոթացնում են այլընտրանքների հետ, օրինակ, ներկայացվում են կամավոր հետդարձի համար նախատեսված տարբեր աջակցային ծրագրեր, մարդասիրական ծրագրեր տրանզիտային երկրներում, օրինակ, Մալիի, Հորդանանի կամ Լիբանանի փախստականային ճամբարներում, ինչպես նաև աջակցային ծրագրեր, որոնք կազմակերպվում են փախստականների հայրենի երկրներում: «Մեր արշավի կարևորագույն նպատակն  այն է, որ ապօրինիի ներգաղթ կազմակերպողներին թույլ չտանք տեղեկատվական գերակայություն ունենալ համացանցում: Մեր փաստահենք հաղորդակցության միջոցով մենք ցանկանում ենք բոլորին, ովքեր մտածում են փախուստի և միգրացիայի մասին կամ արդեն ճանապարհ են ընկել, ապահովել լիարժեք տեղեկատվությամբ և այդ կերպ հստակություն մտցնել խնդրո առարկայի շուրջ»,- ընդգծում է Քինդլը: «Այդ պատճառով մենք կեղծ տեղեկատվությանը հակադրում ենք հավաստի փաստեր»:

www.rumoursaboutgermany.info