Գերմանիայի դեսպանատունը Երևանում

Դեսպանատան շենքը վերանորոգումից հետո նկարը մեծացնել Դեսպանատան շենքը վերանորոգումից հետո (© Գերմանիայի դեսպանություն)

Դեսպանատան շենքը, որը գտնվում է Չարենցի փ. 29 հասցեում, կառուցվել է 1949 թվականին՝ որպես երկհարկանի շինություն: 1964թ. շենքին ավելացվել է նաև 3-րդ հարկը`առանձին աստիճանավանդակով և վերելակով:

Շինությունը պատկանել է Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1991թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո առաջիններից էր, որ ըստ միջազգային օրենքի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992 թ. հունվարի 31-ին: 1997 թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձեռք բերեց վերոհիշյալ շենքը: Իրականացվեցին բազմաթիվ վերակառուցման աշխատանքներ: Երկրաշարժի վտանգից ելնելով՝ կատարվեցին շինութան արտաքին պատերի ամրացման աշխատանքներ: 1999թ. հունվարից դեսպանությունը վերսկսեց իր աշխատանքը նոր շենքում: Սկզբում օգտագործվում էին միայն դեսպանատան առաջին երկու հարկերը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման շնորհիվ զգալիորեն ընդլայնվեց դեսպանատան առջեւ դրված աշխատանքների ծավալը, ինչպես նաեւ դեսպանատան անձնակազմը: Ուստի 2004թ. դեսպանատան երրորդ հարկում վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներից հետո ավելացան լրացուցիչ գրասենյակներ:

2011թ.-ից մինչև 2013թ․ դեսպանատանը կրկին ծավալուն շինարարական աշխատանքներ իրականացվեցին՝ շենքի սեյսմակայունության բարձրացման և աշխատանքային տարածքների ընդարձակման նպատակով: Կառուցվեց նաև նոր նախամուտք։ Շինարարական աշխատանքներն ավարտվեցին 2013թ. նոյեմբերին: