Ինչպես գերմանաֆրանսիական հաշտության օրինակը տարածել Հարավային Կովկասում. Թբիլիսիում կայացավ Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների տարածաշրջանային երկրորդ համաժողովը

Սեփական պատմությունից քաղած դասերը ծառայեցնել Հարավային Կովկասում հաշտությանն ու խաղաղությանը և առավել սերտորեն համաձայնեցնել գործողությունները տարածաշրջանում՝ սրանք էին  դեսպանների մակարդակով գերմանաֆրանսիական տարածաշրջանային համաժողովի նպատակները: Համաժողովը տեղի ունեցավ ս.թ. դեկտեմբերի 16-ին և 17-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Հանդիպումը մեկ հարկի տակ էր հավաքել երկու երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի՝  Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև դիվանագետների՝ Մոսկվայում և Անկարայում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանություններից: Հանդիպմանը մասնակցեցին նաև երկու երկրների արտգործնախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչությունների ղեկավարները՝ Ֆլորանս Մանգենը և Անդրեաս Պեշկեն, Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ հանձնակատար Հերբերտ Զալբերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Քննարկում տարածաշրջանում ներքին և արտաքին քաղաքական թեմաների շուրջ

Նիստը բացեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Յանելիձեն: Նիստի առանցքային հարցերն էին ժողովրդավարության, բազմակարծության և մարդու իրավունքների ներքաղաքական զարգացումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության գործոնները Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Կենտրոնական Ասիայի միջև կարևոր խաչմերուկ հանդիսացող այս տարածաշրջանում: Մասնակիցներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածաշրջանային հակամարտու-թյուններին, ինչպես նաև  Եվրոպայի ու Ասիայի միջև տնտեսական փոխկապակցվածու-թյանը:

Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան Եվրամիության EUMM-դիտորդական առաքելության ամենօրյա մշտադիտարկմանը, որը 2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո հաջողությամբ նպաստում է կայունության և փոխվստահության հաստատմանը Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքների վարչական սահմաններին:

Նոր նախաձեռնություններ՝ ուղղված  Գերմանաֆրանսիական հաշտության հանրայնացմանը

Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները պայմանավորվեցին կանոնավորապես համաձայնեցնել իրենց քայլերը հարավկովկասյան քաղաքականության մեջ և աշխատել հյուրընկալ երկրներում գերմանաֆրանսիական հաշտության հանրայնացման ուղղությամբ: Այս նպատակին կարող են ծառայել նոր նախաձեռնություններ, օրինակ՝ մարդու իրավունքների ոլորտում միասնական պարգևի հայտարարումը:

Դեսպանների մակարդակով հարավկովկասյան տարածաշրջանային այս համաժողովն առաջինն էր տարածաշրջանային այն համաժողովների շարքում, որոնք 2017թ. ընթացքում պետք է կայանան աշխարհի տարբեր անկյուններում։

©Auswärtiges Amt / Գերմանիայի Արտաքին գործերի նախարարություն

www.auswaertiges-amt.de