Տնտեսական համագործակցություն

Տնտեսական կապերը դեռևս գտնվում են համեմատաբար ցածր մակարդակի վրա։ Արտաքին առևտրի ծավալի մեջ Գերմանիայի մասնաբաժինը 2008 թվականին կազմել է 8 տոկոս։ 2009 թ. առաջին կիսամյակի ընթացքում այն հասավ շուրջ 123 միլիոն եվրոյի։ 2008 թվականին Գերմանիայից ներկրվող հիմնական ապրանքատեսակներն էին ավտոմեքենաները, սարքավորումները, քիմիական արտադրանքը և էլեկտրոտեխնիկան, իսկ Հայաստանից հիմնականում ներկրվել է երկաթ, պողպատ և այլ մետաղներ։

Տնտեսական համագործակցության բնագավառում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները սկիզբ են առել 1993թ` այդ ժամանակ ընդգրկելով միայն Տեխնիկական համագործակցության (ՏՀ, պատասխանատու՝ Տեխնիկակակն համագործակցության ընկերություն՝ այժմ Միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)) ոլորտը: 1995թ. առաջին անգամ միջոցներ հատկացվեցին նաև Ֆինանսական համագործակցության (ՖՀ, պատասխանատու՝ Վերակառուցման վարկերի բանկ KfW) շրջանակներում: Այս ծրագրերը լրացվում են InWent-ի կողմից իրականացվող նախագծերով։ Բացի այդ, Հայաստանում աշխատում են Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM) հինգ փորձագետ-խորհրդատուներ։ 2008 թվականին դեսպանության կողմից 50.000 եվրոյի փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել։

Զարգացման քաղաքականության ոլորտում Գերմանիան ԱՄՆ-ից հետո հանդիսանում է Հայաստանի երկրորդ դոնոր երկիրը։ 2009-2010 թթ. Գերմանիան երկկողմանի համագործակցության համար հատկացրել է 105,5 միլիոն եվրո, ինչպես նաև Դաշնային կառավարության Կովկասյան նախաձեռնության շրջանակում 29 միլիոն եվրո ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այդ ծրագրերն ընդգրկում են իրավական բարեփոխումներից և մարզերի զարգացումից մինչև բնապահպանության, էներգետիկայի, կրթության և աղքատության կրճատման և մասնավոր ու ֆինանսական ոլորտի, ինչպես նաև առողձապահության զարգացումը։ Ընդհանուր առմամբ Գերմանիան զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցության սկզբից ի վեր Հայաստանին հատկացրել է ավելի քան 360 միլիոն եվրո։

Ֆինանսական համագործակցության ընթացիկ ծրագրերը հիմնականում կենտրոնացած են հետևյալ ոլորտներում. վերականգնվող էներգակիրների զարգացում (հիդրոէլեկտրակայաններ), ենթակայանների և հոսքագծերի արդիականացում, համայնքային ենթակառուցվածքների վերականգնում (Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարում և կոյուղագծեր), ինչպես նաև ավանդների ապահովագրության հիմնադրամի, վարկերի երաշխիքային հիմնադրամի ստեղծում և բնակարանների ֆինանսավորման ծրագրի իրականացում։ Բացի այդ, գոյություն ունի բնապահպանության ոլորտի ծրագիր։

Տեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը խթանում են տնտեսության (միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն) և համայնքների զարգացումը։ Դրան գումարվում են չափազանց մեծ հաջողությամբ ընթացող իրավական խորհրդատվության ծրագիրը, աղքատության կրճատման ռազմավարության կիրառման խորհրդատվական ծրագիրը, ինչպես նաև ՀՀ վերահսկիչ պալատի աջակցության ծրագիրը։

2009 թվականի ընթացքում փոքր դրամաշնորհային ծրագրերը հիմնականում իրականացվել են սոցիալական հաստատություններում՝ մանկապարտեզներում, առողջապահական հաստատություններում և ինքնապահովման ոլորտում։