Մեր ցանկությունն է զարգացնել արժեքների վրա հենվող արտաքին առևտուրը Հայաստանի և Եվրամիության միջև

Իսկ Ձեզ հայտնի՞ է, որ Հայաստանը Եվրամիություն է արտահանում երկու անգամ ավելի ապրանքատեսակներ, քան Ռուսաստան: Եվ որ թվով 6.000 հայկական ապրանքատեսակներ կարող են ԵՄ ներմուծվել առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսային տուրքով: Կարծում եմ, որ թվարկված արտոնություններն այն պատճառներից են, որոնց հետեւանքով Եվրամիությունը եւ հատկապես դրա անդամ-պետություն Գերմանիան բազմաթիվ տարիներ դասվում են Հայաստանի համար կարեւորագույն տնտեսական գործընկերների թվին: Հայաստանից ԵՄ արտահանված 366 միլիոն եվրոյի ապրանքներից գրեթե մեկ երրորդի՝ 121 միլիոն եվրոյի ապրանքատեսակների նպատակակետը Գերմանիան է եղել:

Սակայն ինչպե՞ս է ստացվել, որ Եվրամիության համար Հայաստանի հետ առեւտուրն այսքան կարեւոր է: Հիմնական պատճառը կարելի է գտնել Եվրամիության հանձնաժողովի 2015թ. հրապարակված՝ «Առեւտուր բոլորի համար» առեւտրային ռազմավարության մեջ, որտեղ ասվում է, որ համաշխարհային աճի 90 տոկոսը տեղի է ունենում Եվրոպայից դուրս: Ուստի այդ աճին իր մասնակցությունը ցուցաբերելու համար Եվրամիությանն անհրաժեշտ են բաց շուկաներ:

Միեւնույն ժամանակ առեւտրային եւ ներդրումային քաղաքականության ոլորտում մեզ անհրաժեշտ են նաեւ թափանցիկություն եւ արժեքների վրա հենվող մոտեցումներ: Ի՞նչ է նշանակում «արժեքների վրա հենվող» բառակապակցությունն առեւտրի հետ կապակցված: Այնտեղ, ուր վերանում են առեւտրի արգելանքները, սպառողներին ողջ աշխարհում առավել մատչելի են դառնում ապրանքների լայն ընտրանի եւ ծառայություններ՝ նպաստավոր գներով: 

Առեւտրային նոր համաձայնագրերը, որոնց թվին է պատկանում ներկայումս բանակցային փուլում գտնվող Հայաստանի եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը, կարող են այդ ընտրությունն էլ ավելի ընդարձակել, իսկ գներն՝ իջեցնել: Բոլոր սպառողներն էլ ցանկություն ունեն իմանալու, թե ինչ պայմաններում են արտադրվում իրենց սպառած ապրանքները: Արդյոք արտադրողները հաշվի՞ են առել տեղական օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատողների իրավունքները, առողջապահական հանգամանքները եւ էկոլոգիական նորմերը: Ի՞նչ չափանիշներ են կիրառվում առհասարակ: Որպես օրինակ վերցնենք հայկական մեղրը՝ իսկական որակյալ ապրանքատեսակ: 

Որպես կենդական ծագում ունեցող արտադրանք՝ ԵՄ ներմուծման համար այն ենթարկվում է ստուգման շատ խիստ չափանիշների: Արտադրողները պետք է ներկայացնեն միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների հավաստագրեր: Վերջիններս պետք է հաստատեն նաեւ այն, որ արտադրության մեջ չեն օգտագործվել չթույլատրված, առողջության համար վտանգավոր կամ շրջակա միջավայրին վնասող քիմիական հավելանյութեր: Միեւնույն ժամանակ, արժեքների վրա հենվող մոտեցման դեպքում մեզ համար կարեւոր է, որ մեղվաբույծն արտադրի մեղրը պատշաճ պայմաններում: Ժամանակին՝ հիսուն տարի առաջ բարգավաճող առեւտրային հարաբերությունները Եվրոպական տնտեսական համագործակցության ստեղծման հիմնական դրդապատճառն են եղել, այն համագործակցության, որն այսօր մեզ հայտնի է որպես Եվրամիություն: Այն ժամանակից ի վեր եւ մինչեւ այսօր գործում է մի պարզ կանոն. լավ առեւտրային հարաբերությունները հիմք են ստեղծում նաեւ խաղաղ հարեւանության եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման համար: Ուստի առեւտրի խթանումը կա եւ կմնա Եվրամիության համակ կարեւոր մի թեմա՝ ոչ միայն անդամ-պետությունների, այլ նաեւ երրորդ երկրների հետ նրանց արտաքին հարաբերությունների համատեքստում: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին: 

Անցած տարվանից մենք որոշ կարեւոր քայլեր ենք ձեռնարկել այս ոլորտում առաջադիմելու ուղղությամբ: Եվրոպական բիզնես ասոցիացիայի ստեղծումը, ինչպես նաեւ մի քանի շաբաթ առաջ Գերմանական տնտեսական միավորման ստեղծումը Հայաստանում կարեւոր մղոնաքարեր են: Դրանց նպատակն է երկու տնտեսական տարածքների միջեւ էլ ավելի առաջ մղել երկկողմ առեւտրային հարաբերությունները՝ ծառայություններ առաջարկելով իրենց անդամ հանդիսացող ընկերություններին եւ ԵՄ համար օրենսդրական նպաստավոր շրջանակային պայմանների եւ կառավարության գործողությունների օգտին լոբբի կազմակերպելով: Երկու օրինակ կցանկանայի ներկայացնել՝ հստակեցնելու համար, թե ինչին է կարելի ուշադրություն դարձնել՝ Հայաստանի տնտեսությունն էլ ավելի դեպի արտահանումն ուղղորդելու, էլ ավելի մրցունակ կազմակերպելու նպատակով: Գերմանիայի արտահանման ողնաշարը միջին արդյունաբերական եւ արհեստագործական գործարաններն են: Հավատացած եմ, որ նաեւ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները պետք է մասնակցեն համաշխարհային մրցակցությանն ավելի ինտենսիվ, քան մինչ այժմ: 

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) թվերը 2014թ. համար թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների ընդամենը 7%-ն է առհասարակ որեւէ արտահանման գործողություն իրականացնում: Սա չափազանց քիչ է: Երկրորդը՝ հարկ է էլ ավելի բարելավել մաքսային եւ առեւտրային կանոնակարգումները: Կցանկանայի, որ Հայաստանը շատ արագ Համաշխարհային բանկի սանդղակի (Համաշխարհային բանկի 2015թ. Doing Business սանդղակի «սահմանային առեւտուր» ոլորտ) 110-րդ տեղից ավելի բարձր տեղ զբաղեցներ եւ այս ոլորտում զգալի առաջընթաց արձանագրեր: Եթե ձեռնարկություններից իսկապես հինգ տարբեր տեղեկանք է պահանջվում, իսկ արտահանման գործընթացն էլ միջինը 16 օր է տեւում, ապա սա իսկապես չափազանց շատ է՝ միջազգային մրցակցությանը դիմակայելու համար: Համոզված եմ, որ Հայաստանը լավ կրթություն ստացած իր բնակչությամբ հանդերձ՝ ունի միջազգային շուկաներում ավելի ամուր, քան մինչ այժմ, դիրք գրավելու բոլոր շանսերը: 

Եվրամիությունը, ինչպես եւ Գերմանիան կշարունակի խորհրդատվություն մատուցել եւ սատարել Հայաստանին՝ բարեփոխումների հետագա գործընթացում: 

ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան


http://www.aravot.am/2016/05/30/698078/

Հոդվածի տեքստը

Դեսպան Մաթիաս Քիսլեր