Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի ողջույնի խոսքը Գերմանիայի Միասնության օրվա առթիվ տրված ընդունելությանը

Վավեր է խոսված խոսքը

ԵՐԵՎԱՆ, 3-ը հոկտեմբերի, 2015թ.

Մեծարգո' պարոն Վարչապետ,

Ձե'րդ Գերազանցություններ,

տիկնա'յք և պարոնա'յք,

սիրելի' ընկերներ,

սիրելի' հայրենակիցներ,

ուրախ եմ ողջունել Ձեզ այսօր այստեղ՝ միասին տոնախմբելու Գերմանիայի միասնության օրը: Ուղիղ 25 տարի առաջ արևելյան և արևմտյան Գերմանիաները միավորվեցին՝ հաղթահարելով 2-րդ համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած ցավալի տրոհումը:  Առաջարկում եմ Ձեզ ծանոթանալ նախասրահում բացված լուսանկարչական ցուցադրությանը, որը ներկայացնում է Գերմանիայի միասնություն տանող ուղին:

1990թ. հոկտեմբերի 3-ը ոչ միայն գերմանական երկու պետությունների միավորման օրն էր. այն կարևոր հիմնաքար դարձավ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և մեր ժողովուրդների միջև հաշտության գործընթացում:

Գերմանիայի արևելյան հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման հիմքը դեռևս 1970թթ.  դրեց հեռատես քաղաքական գործիչ Վիլի Բրանդը: Թույլ տվեք բերել Լեհաստանի հետ հարաբերությունների օրինակը, երկիր, որը 2-րդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի առաջին զոհը դարձավ:

1990թ.՝ Գերմանիայի վերամիավորումից հետո, Գերմանիան անշրջելիորեն ճանաչեց Լեհաստանի հետ ունեցած իր փաստացի սահմանը: Եվ չնայած շատ գերմանացիների համար, հատկապես նրանց, ովքեր իրենց տունն էին կորցրել Գերմանիայի նախկին արևելյան շրջաններում՝ այժմյան Լեհաստանում, այս որոշումը չափազանց ցավոտ էր, այն  նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում:

Փոխզիջումային այս ոգու արդյունքում Գերմանիան և Լեհաստանն այսօր ոչ միայն մոտ գործընկերներ են, այլև՝ հուսալի բարեկամներ: Թույլ տվեք մեջբերել Վիլի Բրանդի՝ 1970թ. Լեհաստանի վարչապետին ուղղած խոսքը. «Փոխըմբռնումն ու հաշտեցումը չեն կարող թելադրվել կառավարությունների կողմից, նրանք պետք է հասունանան երկու երկրների ժողովուրդների սրտերում»: Որքա՜ն իրավացի էր նա: Եվ իրոք՝ Գերմանիան և Լեհաստանը 25 տարիների ընթացքում ստեղծել են մարդկանց և քաղաքացիական հասարակությունները միավորող սերտ ցանցեր, ինչպես օրինակ Գերմանալեհական երիտասարդական գրասենյակը, որը 1991թ. ի վեր միմյանց հետ շփման հնարավորություն է ընձեռել գերմանացի և լեհ 2,5 մլն երիտասարդների: 

 

Տիկնա'յք և պարոնա'յք,

Գերմանիայի միասնությունը հնարավոր դարձավ միայն համաեվրոպական ճանապարհով: Այսօր Եվրոպան դիմագրավում է մի շարք լուրջ մարտահրավերների՝ կլիմայի փոխոխություն, էներգետիկ ռեսուրսներ, ֆինանսական ճգնաժամ, հակամարտություններ Եվրոպայի մատույցներում, և վերջերս՝ փախստականների աճող ներհոսքը: Եվրամիությունը հաջողակ պատմություն է, և ես համոզված եմ, որ ձեռք ձեռքի տված մենք կարող ենք հաղթահարել այս մարտահրավերները:

Համաեվրոպական գաղափարը ենթադրում է վերցնել, օգուտ քաղել,  բայց դրանից  առավել՝ այն տալ է նշանակում, որը երբեմն, անշուշտ, ցավոտ կարող է լինել: Եվ կրկին՝ առանցքային բառն այստեղ փոխզիջումն է:

 

Տիկնա'յք և պարոնա'յք,

անցնող տարին կրկին արդյունավետ էր Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում: Շարունակական աճ է գրանցվել փոխադարձ այցերում, մասնավորապես՝ ապրիլի 24-ի՝ Հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում: Անցյալ հոկտեմբերին Հայաստան այցելեց դաշնային արտգործնախարար Շթայնմայերը: Դաշնային նախագահ Գաուկը շրջադարձային ելույթով հանդես եկավ Բեռլինի Մայր տաճարում: Բոլորովին վերջերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք մեր մշակութային և կրթական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ: ԵՄ-ից  և ԱՄՆ-ից հետո՝ Գերմանիան զարգացման համագործակցության ոլորտում Հայաստանի խոշորագույն գործընկերն է:

 

Տիկնա'յք և պարոնա'յք,

թույլ տվեք վերջում գերմաներեն հակիրճ խոսք հղել իմ հայրենակիցներին:

 

Սիրելի' հայրենակիցներ,

կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր անխոնջ աշխատանքի համար: Գերմանիան Հայաստանում այսպիսի լավ համբավ ունի նաև այն օրինակելի աշխատանքի շնորհիվ, որ կատարում եք Դուք այստեղ թե' որպես կրթամշակութային հաստատությունների գործընկերներ, թե' որպես զարգացման համագործակցության փորձագետներ, և թե' որպես գերմանական ընկերությունների և տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք նույն գաղափարով: Հավատացած եղեք, որ Գերմանիայի դեսպանությունն աջակցում է Ձեզ իր բոլոր ուժերով: Իմ դուռը լայնորեն բաց է Ձեր խնդիրների և գաղափարների համար: Եվ վերջապես կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել դեսպանության իմ թիմին:

 

'Տիկնա'յք և պարոնա'յք,

այժմ առաջարկում եմ բաժակ բարձրացնել և խմել հայ-գերմանական բարեկամության, մեր երկրների միջև համագործակցության և հայ ժողովրդի կենացը: