Դեսպանի ողջույնի խոսքը Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ

Սրտանց ողջունում եմ Ձեզ բոլորիդ Գերմանիայի միասնության օրվա առթիվ: Նախ և առաջ կցանկանայի նախապես շնորհակալություն հայտել Ձեզ՝ առաջիկա 10-15 րոպեներին իմ և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի ելույթն ուշադրությամբ ունկնդրելու համար: Խոստանում եմ, որ հակիրճ կխոսեմ:

Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ, որ կարիք չկա հանգամանալից կերպով ներկայացնելու, թե ինչ ծավալով և խորությամբ են զարգացել մեր հարաբերությունները 1992 թվականից:

Այս տարի մենք արդեն այս հոբելյանի առիթով բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպել: Այժմ ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել դեռևս կայանալիք միջոցառումների վրա. հոկտեմբերի 5-ին կկայանա Halle Tanzbühne Berlin թատրոնի հյուրախաղը Հայֆեսթ փառատոնի շրջանակում (նախասրահում տեսահոլովակի միջոցով դուք կարող եք ծանոթանալ ներկայացմանը), իսկ հոկտեմբերի 6-ին կկայանա «PIANO BATTLE meets ORCHESTRA» համերգի համաշխարհային պրեմիերան: Այս առանձնահատուկ տարին իր բարձրակետին կհասնի ուշ աշնանը, երբ կբացվի Գյոթեի մշակութային և լեզվական կենտրոնը:

Տիկնայք և պարոնայք,

Մեր լայնընդգրկուն համագործակցության նպատակն ամենից առաջ աջակցելն է Հայաստանին՝ պետական և հասարակական բարեփոխումների և արդիականացման ճանապարհին: Ես համոզված եմ, որ առանց այս արդիականացման Հայաստանի կառավարությունը չի կարող հասնել իր հավակնոտ նպատակներին:

Թույլ տվեք փոքր-ինչ ընդլայնել արդիականացման թեման: Այս տարի Գերմանիան տոնում է շատ առանձնահատուկ մի տարեդարձ: Համարյա ճիշտ 500 տարի առաջ՝ 1517 հոկտեմբերի 31-ին Մարտին Լութերը հրապարակեց Կաթոլիկ եկեղեցին ներսից բարեփոխելու իր ծրագիրը:

Նրա մոտեցումը պայթյունի էր հավասար: Ըստ այդմ՝ անհատի ճակատագիրը՝ մահվանից առաջ և հետո, կախված չէ եկեղեցու օրհնությունից, ավելին՝ յուրաքանչյուր մարդ կարող է հավատալ Աստծո ողորմածությանը: Ես համարձակվում եմ ասել՝ ոչ մի այլ առանձին իրադարձություն Գերմանիայի պատմության մեջ, հավանաբար ողջ համաեվրոպական պատմության մեջ, պատճառ չի դարձել  տղամարդու և կնոջ ներքին ազատության այսպիսի հեղափոխական գործընթացի:

Աստծո և մարդու միջև հարաբերությունների լութերյան ընկալումը սկիզբ է դնում նոր, ահռելի փոփոխությունների, ըստ որոնց՝ մարդն ի վերջո ինքն է պատասխանատու իր գործերի համար: Ըստ իս՝ Մարտին Լութերը մեծապես նպաստել է արդիականացման այն գործընթացին, որին մենք ականատես ենք եղել Եվրոպայի մեծ մասում վերջին 500 տարիներին: Անգամ այսօր ես համարում եմ, որ Լութերի գործը չափազանց կարևոր է, քանի որ բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերը կախված են նաև յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից:

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք վերջում շնորհակալության խոսքեր հնչեցնել: Դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների հաջողակ պատմությունը հնարավոր չէր լինի առանց մեր հայ գործընկերների, ինչպես նաև այստեղ գործող բազմաթիվ գերմանական կազմակերպությունների նվիրման:

Սիրելի հայրենակիցներ, Ձեր անխոնջ նվիրումի համար կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ: Նաև Ձեր օրինակելի աշխատանքի շնորհիվ է, որ    Գերմանիան լավ համբավ ունի Հայաստանում: Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում դեսպանության իմ թիմին:

Եվ իհարկե՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել այս միջոցառման առատաձեռն հովանավորներին՝ Արարատ կոնյակի գործարանին, Պաուլաներ և Կիլիկիա գարեջրային ընկերություններին:

Տիկնայք և պարոնայք,

Այժմ հրավիրում եմ Ձեզ բաժակ բարձրացնելու և խմելու Հայ-գերմանական բարեկամության և հայ ժողովրդի կենացը: