Գերմանիայի և Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոններ. Գիտելիքի փոխանակման կենդանի ցանց
նկարը մեծացնել
(© Jan Greune)
Դրանք Գերմանիային և Եվրոպային վերաբերող ուսումնասիրությունների հաստատություններ և ակադեմիական կրթության նորարարական կենտրոններ են։ Գերմանիայի և Եվրոպայի ուսումնասիրությունների 15 կենտրոններ տասնմեկ երկրներում միջմասնագիտական եղանակով ուսումնասիրում են արդի զարգացումները։ Նպատակն է պատրաստել Գերմանիայի և Եվրոպայի գծով փորձագետների մի նոր սերունդ, որը կնպաստի միջազգային ասպարեզում փոխընմբռնմանն ու համագործակցությանը։ Նրանք միավորում են Գերմանիայի և Եվրոպայի թեմաներով զբաղվող գիտության, քաղաքականության և հասարակության ներկայացուցիչներին։ Արտաքին գերատեսչությունը աջակցում է այդ կենտրոններին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) միջոցով՝ արտաքին գիտական քաղաքականության շրջանակում։
11 երկրներ և 15 հեղինակավոր համալսարանական քաղաքներ Փարիզից մինչև Տոկիո կապված են Գերմանիայի և Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնների ցանցով։ Որպես կանոն դրանք ֆինանսավորվում են արտերկրում գտնվող տվյալ բուհի կողմից, որի կազմում գործում են, ինչպես նաև Գերմանիայի կողմից՝ մեկնարկային աջակցություն ստանալով արտաքին մշակութային և կրթական քաղաքականության համար նախատեսված միջոցների հաշվին։ Յուրաքանչյուր կենտրոն ունի իր առանձնահատկությունները, անհատ գիտնականները և հետազոտության մասնագիտացումները։ Սակայն, որքան էլ կենտրոնները տարբերվեն միմյանցից, բացի միավորող գերմաներեն լեզվից, կան նաև այլ ընդհանուր հայտարարներ։ Ամենակարևորը՝ կենտրոնների նպատակն է. կրթել Գերմանիայի և Եվրոպայի մասին լավագույն գիտելիքներ ունեցող երիտասարդ կադրերի մի սերունդ՝ որպես Գերմանիայի և գործընկեր երկրների միջև ապագա սերտ համագործակցության երաշխիք։ Ըստ այդմ, կենտրոնների աշխատանքն ուղղված է հետազոտական և ուսումնական ծրագրերի իրականացմանը՝ ընդգծված նորարարական դոկտորանտական և մաստեր ծրագրերով։ Դրանք կենտրոնացած են այժմեական թեմաների վրա և ունեն լայն ընդգրկում՝ ներառելով քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմագիտությունը, տնտեսագիտությունը, իրավագիտությունը, գերմանագիտությունը և մշակութաբանությունը։ Նման միջմասնագիտական կողմնորաշվածությունը աշխատանքը այդ կենտրոններում դարձնում է էլ ավելի հետաքրքիր և գրավիչ։
Շատ երիտասարդ գիտանականների ձգում է հենց այդ միջմասնագիտական ուղղվածությունը։ «Հետաքրքրությունը գնալով աճում է, այդ թվում նաև այն ուսանողների շրջանում, որոնք նախկինում երբեք չեն զբաղվել Գերմանիայի հետ կապված թեմաներով», ասում է Երուսաղեմի եբրայական համալսարանի գերմանական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Բիանկա Քյուհնելը։ «Եվրոպան կարևոր է Իսրայելի համար և այդ իսկ պատճառով կարևոր է նաև մեր կենտրոնը. գիտությունը լավ հիմք է սերտ համագործակցության համար»։ Վրոցլավի Վիլլի Բրանդտ կենտրոնի (ՎԲԿ) տնօրեն և պատմաբան պրոֆեսոր Քշիշտոֆ Ռուխնեվիչը նույնպես ցանկանում է «միջնորդի դեր կատարել Գերմանիայի և Լեհաստանի միջև և մեզ համար կարևոր է չսահամանափակվել սեղանի շուրջն աշխատելով»։ Այդ պատճառով ՎԲԿ-ն հետազոտական և ուսումնական աշխատանքից բացի կարևորում է նաև գիտության ասպարեզում միջնորդի դերը և քաղաքականության ասպարեզում խորհրդատվության տրամադրումը։
նկարը մեծացնել
(© Jan Greune)
Հատուկ դեր ունի CIERA-ն (Centre interdisciplinaire d’études et de recherches sur l’Allemagne), որը գտնվում է Փարիզում։ CIERA-ն գործում է որպես 10 ֆրանսիական բուհերի և հետազոտական հաստատությունների միավորում։ Նորարարական, միջմասնագիտական դոկտորանտական կրթություն տրամադրելով՝ CIERA-ն նույնիսկ դարձել է Ֆրանսիայի գիտական քաղաքականության շարժիչներից մեկը։ Տնօրեն պրոֆեսոր Միխայել Վերներին տպավորում է CIERA-ում պատրաստվող Գերմանիայի մասնագետների պրոֆիլը։ «Այդ մարդկանց համար ազգային դասակարգումներն այլևս մեծ դեր չեն խաղում», ասում է նա։ «Նրանք 2-ից 3 լեզու գիտեն և ավելի շուտ եվրոպական ինքնություն են ձեռք բերում ու կարող են կարևոր դեր խաղալ բոլոր միջնորդական գործընթացներում»։ Կենտրոնների նախաձեռնողները ցանկանում էին ձևավորել երիտասարդ բազմապատկողների հենց այս սերունդը։
Տեքստ՝ Ժանեթ Շայան / Սոսիետետս հրատարակչություն
Թվեր և փաստեր
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն (DAAD) այժմ օժանդակում է Գերմանիայի և Եվրոպայի ուսումնասիրությունների 15 կենտրոններին։ 1991-ից սկսած ընդհանուր առմամբ օգնություն են ստացել 18 կենտրոններ, ինչպես նաև միջմասնագիտական նախագծեր։ 1991 թվականին ստեղծվել են Գերմանիայի և Եվրոպայի ուսումնասիրությունների առաջին կենտրոնները ԱՄՆ-ում։ 2007-ին հիմնադրվել են երկու նոր կենտրոններ Իսրայելում։ Մեկնարկային տասը տարիների համար նախատեսված գերմանական կողմի աջակցությունը կազմում է տարեկան 250.000 եվրո։