Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարի այցը Հայաստան

Հուշագրի ստորագրումից առաջ նկարը մեծացնել Հուշագրի ստորագրումից առաջ (© ՀՀ Մշակույթի նախարարություն)

Սեպտեմբերի 22-27-ը Հայաստան էր այցելել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոն: Հնգօրյա այցը ծառայեց դաշնային երկրամասի և Հայաստանի միջև վաղուց ի վեր ընթացող մշակութային և կրթական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին նախարար Դորգերլոն սեպտեմբերի 23-ին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր հետագա համագործակցության մասին: Ծաղկեպսակ զետեղելով Ցեղասպանության հուշահամալիրում՝ նախարարն իր հարգանքը մատուցեց զոհերի հիշատակին՝ ընդգծելով ոգեկոչման անհրաժեշտությունը հատկապես 2015 թվականին: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության այլ հնարավոր ոլորտների վերաբերյալ: Քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումներից զատ՝ նախարարը հանդիպեց նաև Սաքսոնիա-Անհալթի դպրոցների գործընկեր յոթ հայկական դպրոցների աշակերտական խմբերի հետ:

Սեպտեմբերի 23-ին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը միասին բացեցին Հալե քաղաքի «Մորիցբուրգ» հիմնադրամի  «Պատկերներ մեկ երկրից. արևելագերմանական լուսանկարչությունը 1945 -1995թ.» խորագրով լուսանկարչական ցուցադրությունը, որը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի մինչև նոյեմբերի 3-ը:

Այցի կարևորագույն հանգրվաններից էին տարբեր հայկական դպրոցներ այցելությունները, կարճատև այցելությունը Հաղարծնի վանք, ինչպես նաև Երևանում կայացած երգչախմբային համերգը, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունները: Մեկնումից առաջ՝ սեպտեմբերի 26-ին, նախարար Դորգերլոն հանդիսավորապես բացեց Հայաստանում գերմաներեն դասավանդող ուսուցիչների՝ Գյոթեի անվան ինստիտուտի կազմակերպած երկրորդ համագումարը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության միջև սերտ գործընկերությունը 16 տարվա պատմություն ունի: Ներկայում երկու երկրների միջև գործում են բազմաթիվ միջդպրոցական գործընկերություններ, մշակութային օրերի շրջանակում երկու երկրներում համապատասխանաբար ներկայացվում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի ավանդույթներն ու մշակութային արմատները:  Վերջին անգամ այս գործընկերությունն ընդգծվեց Սաքսոնիա-Անհալթում Հայաստանի մշակութային օրերով, որոնք անցկացվեցին 2015թ. մայիսի 8-ից մինչև հուլիսի 1-ը:

Լուսանկարներ