«Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH)

Logo zu Schulen: Partner der Zukunft նկարը մեծացնել (© Auswärtiges Amt)

2008թ. փետրվարին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունը կյանքի կոչեց «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը: Այն մի ցանցի մեջ իրար է միացնում Գերմանիայի հետ առանձնակի սերտ կապեր ունեցող աշխարհի շուրջ 1.500 գործընկեր դպրոցների: Ծրագիրը նպատակ ունի հատկապես Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող երտասարդների մեջ տևական հետաքրքրություն և ոգևորություն արթնացնել ժամանակակից Գերմանիայի և գերմաներենի նկատմամբ:  

Միջդպրոցական գործընկերության այս նախաձեռնությունը համակարգում է ԳԴՀ արտգործնախարարությունը և այն իրագործում Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA), Գյոթեի անվան ինստիտուտի (GI), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և կրթության նախարարների խորհրդի (Kultusministerkonferenz) Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD)  հետ միասին:

Գերմանիայի Բունդեսթագը սկզբից ևեթ աջակցություն է ցուցաբերել այս նախաձեռնությանը և շեշտել նրա նշանակությունն արտերկրում դպրոցական գործունեության տեսանկյունից` «Ամրապնդել և զարգացնել գերմանական դպրոցական կրթությունն արտերկրում» համոզմունքով:

PASCH-ը հանդես է գալիս նաև Գերմանիայի արտաքին մշակութային և կրթական  քաղաքականության այլ նախաձեռնությունների հետ համատեղ, օրինակ`  „Kulturweit“ կամավորական ծառայության, Արտաքին գիտական նախաձեռնության և «Գերմաներեն` գաղափարների լեզու» նախաձեռնության:

Գերմանիայի հետ ամուր կապեր ունեցող գործընկեր դպրոցների համաշխարհային ցանց

 Արտերկրում գործող գերմանական դպրոցների և գործընկեր երկրների կրթական համակարգերում գործող և «Գերմաներենի դիպլոմ» տրամադրող, կամ որակյալ և խորացված գերմաներենի ուսուցում կազմակերպող դպրոցների միջև ստեղծված  ցանցը գնալով ընդլայնվում և զարգանում է: Մենք ցանկանում ենք աշխույժ, տևական կապ հաստատել Գերմանիայի հետ և դպրոցներին, նրանց մանկավարժներին և աշակերտներին  ոգևորել միմյանց հետ առավել սերտորեն շփվելու և համագործակցելու: Այդ պատճառով նախաձեռնությունը դպրոցներին աջակցություն է ցուցաբերում միջոցառումների բազմատեսակ առաջարկներով:

www.pasch.net

Initiative "Schulen: Partner der Zukunft"

Հայաստանի PASCH-դպրոցները

Հայաստանի Հանրապետությունում PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում յոթ հայկական դպրոցների հետ՝ Երևանում, Սարդարապատում, Ճամբարակում։