Միջազգային մարզչական դասընթացների շրջանավարտների հանդիպումը Հայաստանում

Միջազգային մարզչական դասընթացների շրջանավարտների սեմինարի բացումը նկարը մեծացնել Միջազգային մարզչական դասընթացների շրջանավարտների սեմինարի բացումը (© www.kirstennijhof.de) Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետը 2015թ հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանում անցկացրեց շրջանավարտների ճամբար։ ԳԴՀ արտաքին գերատեսչության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից օժանդակվող այդ վերապատրաստման սեմինարին մասնակցեցին 20 միջազգային շրջանավարտներ  Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից։ Ծրագրի բովանդակային հիմնական թեման վերաբերում էր սպորտի մենեջմենթի և հատկապես սպորտային միջոցառումների կազմակերպման ոլորտում տեսական և պրակտիկ գիտելիքների ընդլայնմանը։

Երկուշաբթի օրը՝ 2015թ հունիսի 29-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը Լայպցիգի համալսարանի սպորտի ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար պարոն Դանիել Էքերտ-Լինդհամերի հետ միասին Հայաստանի ֆիզկուլտուրայի պետական ինտիտուտում հանդիսավոր կերպով բացեց շրջանավարտների ճամբարը։ ԳԴՀ փոխդեսպան տիկին Նադիա Լիխտենբերգերն իր ողջույնի խոսքում ընդգծեց Գերմանիայի արտաքին մշակութային և կրթական քաղաքականության կարևորությունը։ Միջազգային մարզչական դասընթացների (ITK) շրջանավարտների ճամբարը ֆինանսավորվում է ԳԴՀ արտաքին գերատեսչության միջոցների հաշվին։

Հայաստանում անցկացված շրջանավարտների ճամբարը շարունակում է 2013 թվականից ի վեր Կոստա Ռիկայում, Բրազիլիայում և Եգիպտոսում տեղի ունեցած ճամբարների ավանդույթը։ «Մենք մեզ պարտական ենք համարում ամբողջ աշխարհով մեկ աշխատող մեր շրջանավարտների առաջ նաև դասընթացներից հետո և ցանկանում ենք խթանել նրանց մասնագիտական և անձնական զարգացումը։ Իրենց աշխատանքային ոլորտներում մենք տեսնում ենք հասարակական կառույցների դրական զարգացման մեծ ներուժ», ասաց Դանիել Էքերտ-Լինդհամերը։ Սպորտի ֆակուլտետի շրջանավարտների միջազգային ցանցն ընդգրկում է Միջազգային մարզչական դասընթացների շուրջ 4000 շրջանավարտներ։

Երևանում, Սևանում և Ծաղկաձորում տեղի ունեցած տասնօրյա ծրագրի ընթացքում Հայաստանից, Վրաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած մարզիչները ձեռքբերեցին սպորտային մենեջմենթի և թիմերի ձևավորման ոլորտում ինտենսիվ մանկավարժական վերապատրաստման մասնագիտական աշխատանքին առնչվող նոր գիտելիքներ։

Մասնակիցները նկարը մեծացնել Մասնակիցները (© www.kirstennijhof.de)

2015 թվականի հուլիսի 8-ին շրջանավարտների ճամբարը փակվեց հանդիսավոր արարողությամբ և մասնակիցներին Լայպցիգի համալսարանի հավաստագրերի հանձնմամբ։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած փակման միջոցառման ժամանակ մասնակիցներին հրաժեշտ տվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Միքայելյանը, ինչպես նաև պրոռեկտոր Անահիտ Հարությունյանը և Դանիել Էքերտ-Լինդհամերը։ Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչ Անեմարի Քուլմանը քաջալերեց շրջանավարտներին՝ ձեռքբերված նոր գիտելիքները ներդնել սեփական երկրներում իրականացվելիք կոնկրետ ծրագրերում։

Եթե Դուք նույնպես հետաքրքրված եք Գերմանիայում հնգամյա մարզչական դասընթացին մասնակցությամբ, ապա հետևեք Գերմանիայի դեսպանության կայքին։ Այստեղ մշտապես հրապարակվում են ընթացիկ ծրագրերին դիմելու հնարավորությունները։

Լուսանկարներ