Հուշաթերթիկ տնային այլ կենդանատեսակների հետ դեպի Եվրամիություն և Եվրամիության տարածքով ճամփորդելու վերաբերյալ

Շներից, կատուներից և աքիսներից կամ թռչուններից բացի այլ կենդանիների հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտք գործելուց կամ երկրով անցնելուց առաջ նախևառաջ պետք է ստուգել՝ կա՞ն արդյոք պարտադիր կատարման ենթակա կենդանահամաճարակաբանական իրավական պահանջներ: Բացի այդ՝ պետք է հաշվի առնվեն նաև տեսակների պահպանման հետ կապված հնարավոր պահանջները:

1. Կենդանահամաճարակաբանական պահանջներ

Ի տարբերություն շների, կատուների և աքիսների կամ թռչունների վերաբերյալ իրավական կարգավորումների՝ տնային այլ կենդանիների հետ ճամփորդությունը մինչ այժմ Եվրամիության ներսում ներդաշնակեցված չէ, ուստի կիրառվում է գերմանական օրենսդրությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության կայքէջ: Եթե պահանջվում է կենդանահամաճարակաբանական թույլտվություն, այն պետք է ձեռք բերել այն դաշնային երկրամասի (Bundesland) գերագույն անասնաբուժական հիմնարկից, ուր առաջինն եք մուտք գործելու Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

2. Տեսակների պահպանման իրավական պահանջներ

Այս հարցով իրավասու գերմանական մարմինը Բնապահպանության դաշնային վարչությունն է (ԲԴՎ/BfN), որի հասցեն է

Bundesamt für Naturschutz / Abt I 1

Konstantinstr. 110

53179 Bonn

Tel. (0228) 84 91-1311

Fax. (0228) 84 91-1319

E-Mail: BfN%27%de,CitesMA

www.bfn.de կայքէջում CITES խորագրի տակ մանրամասն տեղեկություններ են զետեղված տեսակների պահպանման իրավական պահանջների, մասնավորապես՝ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից կենդանիների ներմուծման/մուտք գործելու վերաբերյալ:

Չարաշահման վտանգն արդյունավետորեն կանխելու համար 1973թ. Վաշինգտոնում կնքվել է տեսակների պահպանման մասին „Convention on International Trade in Endangered Species of wild fauna and flora” (CITES) կոնվենցիան (այսուհետ՝ Վաշինգտոնյան կոնվենցիա՝ ՎԿ): ՎԿ-ն պահպանվող տեսակների սահմանանց տեղափոխման համար պարտավորեցնում է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ այսպես կոչված CITES-փաստաթղթեր: Դրույթները վերաբերում են ինչպես ապրող կենդանիներին և բույսերին, այնպես էլ նրանց առանձին մասերին և դրանցից ստացված արտադրանքներին:

ԵՄ անդամ բոլոր պետություններում ՎԿ սպառիչ կերպով և անմիջականորեն կյանքի է կոչվում տեսակների պահպանման համաեվրոպական իրավական հրահանգներով (Եվրոպական Խորհրդի հրահանգ (EG) թիվ 338/97), ինչպես նաև Եվրահանձնաժողովի (EG) թիվ 865/2006) հրահանգով:

Առանձին տեսակների պահպանման կարգավիճակի մասին տեղեկություններ կարելի է քաղել www.wisia.de կայքէջից՝ ստուգելով, թե արդյոք կենդանին ենթակա՞ է տեսակների պահպանման իրավական դրույթներին: Եվրամիություն մուտք գործելու համար ներմուծման թույլտվությունից բացի հիմնականում պահանջվում է ներկայացնել նաև արտահանող երկրի փաստաթղթերը արտահանման վերաբերյալ: Ծագման երկրներում CITES –թույլտվություն տվող իրավասու մարմինների (այսպես կոչված կառավարող մարմինների) հասցեները զետեղված են www.cites.org կայքէջի „National Contacts and Information“ խորագրի ներքո:

ՎԿ-ից բացի գոյություն ունեն նաև առանձին պահպանման դրույթներ բոլոր եվրոպական թռչունների համար, ըստ այդմ՝ որևէ երրորդ երկրից թռչուններ կարող են ներմուծվել միայն այն դեպքում, երբ առկա է ԲԴՎ-ի հստակ գրավոր թույլտվությունը:

ՎԿ դրույթների խախտումներ հիմնականում արձանագրվում են ճամփորդությունից բերվող հուշանվերների տեսքով: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԳԴՀ արտգործնախարարության կայքէջի «Երկրներ և ճամփորդական տեղեկություններ» բաժնում զետեղված «Զգուշացե'ք էկզոտիկ հուշանվերներից» հուշաթերթիկին: Զբոսաշրջիկները կարող են մեկնումից առաջ ծանոթանալ այդ դրույթներին: ԲԴՎ և մաքսային ծառայությունը թողարկել են մի շտեմարան (տվյալների բանկ), որտեղ ներկայացված են երկրների առանձնահատկությունների մասին ցուցումներ ( www.artenschutz-online.de ):

Ուշադրություն. Կենդանին, որի համար կատարված չեն անասնաբուժական և/կամ տեսակների պահպանման իրավական պահանջները, երկիր ներմուծվելիս կարող է  անհատույց բռնագրավվել, իսկ իրավախախտման համար կարող է հարուցվել վարույթ: