Դիմում-հարցաթերթիկին առնչվող հարցեր

Որտեղի՞ց կարելի է ստանալ դիմում-հարցաթերթիկ, ի՞նչ արժե այն, արդյո՞ք հնարավոր է դիմել առցանց:

Դիմում-հարցաթերթիկն անվճար է: Դուք կարող եք այն բացել և լրացնել անմիջապես մեր ինտերնետային էջում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր չէ գործերը հանձնել առցանց (օնլայն): Այդ պատճառով դիմում-հարցաթերթիկը լրացնելուց հետո դարձրեք այն pdf ֆորմատի, տպեք և մյուս փաստաթղթերի հետ ներկայացրեք դեսպանություն:

Ի՞նչ լեզվով լրացնել դիմում-հարցաթերթիկը:

Դիմում-հարցաթերթիկը լրացվում է գերմաներենով կամ անգլերենով:


Կարո՞ղ եմ հարցաթերթիկը նաև ձեռագիր լրացնել

Եթե տեխնիկական պատճառներով անհնար է լրացնել դիմումի առցանց ձևը, կարող եք դա անել ձեռագիր։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ գործերը հանձնելիս ստիպված կլինեք ավելի երկար սպասել։

Հարց 6 /երկիրը, որտեղ ծնվել եք/ հա՞րկ է նշել ԽՍՀՄ, եթե ծնվել եմ 1991թ.-ից առաջ

Այո:

Հարց 22 /այցելության երկրները/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Բավարար է նշել միայն այն երկիրը, որտեղ ավելի երկար եք նախատեսում մնալ:

Հարց 23 /երկիրը, ուր առաջինն եք մուտք գործելու/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Նշեք շենգենյան այն երկիրը, ուր ինքնաթիռը առաջինն է վայրէջք կատարում:

Հարց 25 /ծրագրած այցի կամ տարանցիկ այցի տևողությունը, նշել օրերի քանակը/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Այտեղ նշում եք օրերի քանակը, որ պատրաստվում եք անցկացնել Գերմանիայում/շենգենյան տարածքում: Ուշադրություն դարձրեք, որ այնուհետ` հարց 29-ում և 30-ում, Դուք պետք է նշեք շենգենյան տարածք մուտք գործելու ծրագրած ամսաթիվը և շենգենյան տարածքից դուրս գալու ծրագրած ամսաթիվը:

Նշած օրերի քանակը կարող է մուտքի և ելքի ընդհանուր օրերի քանակից ավելի քիչ լինել: Օրինակ` մեկ ամսվա վավերականություն ունեցող վիզայի օրերի քանակը նշված է 10 օր: Դա Ձեզ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել: Այսօրինակ վիզայով Դուք կարող եք նշված ժամանակահատվածում շենգենյան տարածքում գտնվել 10 օր: Ամենաշուտ մեկնման օրը կարող է լինել հոկտեմբերի 5-ը, իսկ երկիրը լքելու ամենաուշ ժամկետը նոյեմբերի 4-ը, սակայն մնալու օրերի քանակը չպետք է գերազանցի 10 օրը: Նման պարագայում հարկավոր է ունենալ համապատասխան բժշկական ապահովագրություն:

Եթե Դուք դիմում եք բազմակի մուտքի վիզայի համար (օրինակ մեկ կամ երկու տարվա համար), ապա ծրագրած այցի տևողությունը նշում եք 90: Այս նշումը վերաբերում է յուրաքանչյուր 6 ամսվան:

Հարց 28 /Ունե՞ք արդյոք հիմնական այցելության երկիր մուտք գործելու թույլտվություն, լրացնել առկայության դեպքում/

Դա վերաբերում է A (օդանավակայանային տրանզիտ) և C (շենգենյան տարածքով տարանցիկ այց) կատեգորիաների վիզաներին:

Նկատի ունեցեք, որ տրանզիտ վիզա կարող եք ստանալ միայն այն դեպքում, եթե արդեն ունեք նպատակակետ երկրի վիզան:

Տրանզիտ վիզայի կարիք չկա, եթե Դուք որևէ շենգենյան պետությունից ստացել եք ազգային վիզա (D), որը 05.04.2010 թվականից թույլատրում է վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր գտնվել շենգենյան տարածքում:

Հարց 29 և 30 /շենգենյան երկիր մուտք գործելու ծրագրած ամսաթիվը, շենգենյան երկրից դուրս գալու ծրագրած ամսաթիվը/ ի՞նչ է հարկավոր լրացնել բազմակի մուտքի համար դիմելիս

29-րդ կետում նշում եք Ձեր առաջին մուտքի ամսաթիվը, իսկ 30-րդ կետում` շենգենյան տարածքը լքելու օրվա ամսաթիվը: Այս ամսաթվերն էլ գրվելու են վիզայի պիտակի վրա:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հրավերի/հրավեր-պարտավորագրի/բժշկական ապահովագրության ժամկետները պետք է համապատասխանեն տվյալ կետերում նշված ժամկետներին:

Եթե Դուք դիմում եք բազմակի մուտքի վիզայի համար, ապա 29 և 30-րդ կետերը դարձյալ լրացնում եք վերը նշված տարբերակով, իսկ 25-րդ կետում նշում եք 90 օր և փակագծում գրում եք, թե ի՞նչ ժամանակահատվածի համար եք ուզում ստանալ բազմակի մուտքի վիզա: Օրինակ` 90օր (6 ամսվա ընթացքում / մեկ տարվա համար/ երկու տարվա համար և այլն):

Հարց 36 և 37 Անհրաժե՞շտ է դիմում-հարցաթերթիկը ստորագրել երկու անգամ

Այո: 36 և 37-րդ կետերը վերաբերում են դիմում-հարցաթերթիկում կատարած տվյալներին, իսկ դիմում-հարցաթերթիկի վերջին էջի ստորագրությամբ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք իրավունքների ծանուցմանը վերաբերող տեքստին: