Վիզայի ընթացակարգի վերաբերյալ այլ հարցեր

Ի՞նչ է նշանակում Շենգենյան վիզա:

«Շենգենյան վիզա» նշանակում է այնպիսի վիզա, որը տրամադրվում է այն պետությունների կողմից և գործում է այն պետությունների տարածքում, որոնք 1985թ.-ի հունիսի 14-ին ստորագրել են «Ընդհանուր սահմանների հսկողության աստիճանական վերացման» մասին համաձայնությունը:

Այս համաձայնությունը կնքվել է Լյուքսեմբուրգի Շենգեն կոչվող փոքրիկ վայրում և այդ պատճառով էլ վիզան անվանել են «շենգենյան վիզա»:

Շենգենյան վիզան հնարավորություն է տալիս շենգենյան երկրներում գտնվել 6 ամսվա ընթացքում ամենաշատը 90 օր: Տվյալ վիզայով հնարավոր չէ աշխատանքային գործունեություն ծավալել:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ներքոհիշյալ երկրները չեն մտնում Շենգենյան տարածքի մեջ` Բուլղարիա, Իռլանդիա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն և Կիպրոս:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել տրանզիտ վիզայի համար:

C կատեգորիայի տրանզիտ վիզա անհրաժեշտ է հետևյալ դեպքերում`

Դուք չունեք գործող Շենգենյան վիզա և

 - Վիեննայով թռչում եք, օրինակ, ԱՄՆ: Ավստրիայից Ձեր ինքնաթիռը, սակայն, թռչում է մի քանի ժամ հետո և Դուք ցանկանում եք լքել օդանավակայանի միջազգային տրանզիտ գոտին:

 - Վիեննայով և Ֆրանկֆուրտով թռչում եք Բրազիլիա: Քանի որ Ձեր ճամփորդությունը ներառում է երկու շենգեն պետություն և երկու օդանավակայան, C կատեգորիայի տրանզիտ վիզան պարտադիր է:

 - Վիեննայով թռչում եք, օրինակ, ԱՄՆ և վայրէջքից հետո ստիպված եք տերմինալ փոխել:

Ես կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանության կողմից ստացած Շենգենյան վիզայով մեկնել շենգենյան այլ երկրներ:

Այո´: Դա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի ժամկետի սահմանում այցելել ցանկացած շենգենյան երկիր: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, սակայն, որ հիմնական նպատակակետ երկիրը (ամենաերկար կացության երկիրը) պետք է լինի այն երկիրը, որի դեսպանությունից Դուք վիզա եք ստացել:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վիզայի առկայությունը Ձեզ երկիր մուտք գործելու ավտոմատ իրավունք չի տալիս և վիզա ստանալուց հետո սահմանին պետք է ապացուցել, որ Դուք ապահովում եք շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նախապայմանները:

Եթե ես ստացել եմ լեհական ազգային D-կատեգորիայի վիզա, կարո՞ղ եմ դրանով այցելել Գերմանիայում գտնվող իմ ընկերներին:

Այո´: Համաձայն Եվրախորհրդարանի թիվ 265/2010 և Եվրախորհրդի 02.03.2010թ.-ի որոշման (ԵՄ)` 05.04.2010-ից Շենգենյան պետությունների կողմից տրամադրված D-կատեգորիայի վիզան գործում է նաև շենգենյան տարածքում և իրավունք է տալիս 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր մնալ շենգենյան տարածքում:

Շենգենյան վիզայի վավերականությունը

Ձեր վիզայի վավերականության հիմքերն են`

 - նշված ժամանակահատվածը (օր.` վավերական է 01.04.2013-ից մինչև 31.07.2013-ը)

 - կացության թույլատրելի ժամանակահատվածը (օրինակ 30 օր)

 - թույլատրելի մուտքերի քանակը (մեկ անգամ, երկու անգամ կամ բազմակի)

Օրինակ` Ձեզ վիզա են տրամադրել 01.04.2013-ից մինչև 31.07.2013-ը, 30 օրով, երկու մուտքով:

Այս վիզայով Դուք կարող եք երկու անգամ այցելել շենգենյան տարածք և նշված ժամանակահատվածում առավելագույնը 30 օր գտնվել այնտեղ: Մուտքի և ելքի օրերը ևս մտնում են մնալու օրերի մեջ:

Մեկ կամ մի քանի տարվա տևողությամբ բազմակի մուտքի վիզան հնարավորություն է տալիս յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր լինել շենգենյան տարածքում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շենգենյան տարածքում նախկինում անցկացրած օրերի քանակը որոշվում է «հետհաշվարկ» սկզբունքով, օրինակ՝ եթե Դուք պլանավորել եք մեկնել հուլիսի 1-ին, շենգենյան տարածում հնարավոր անցկացրած օրերի հետհաշվարկը արվում է վերջին 6 ամիսների համար (հունվարից-հունիս)։ Հաշվելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզաների բաժին։

Ես ստացել եմ «սահմանն անցնելու մասին տեղեկանք» (Grenzübertrittsbescheinigung): Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Սահմանն անցնելու մասին տեղեկանքը օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչությանը անհրաժեշտ է որպես ապացույց, որ Դուք, նախքան վիզայի ժամկետի ավարտը, ժամանակին լքել եք շենգենյան տարածքը:

Սահմանն անցնելու մասին տեղեկանքը անհրաժեշտ է շենգենյան սահմանից դուրս գալիս կնքել տալ սահմանային ծառայություններին:

Եթե Դուք այդպես չեք վարվել, ապա այդ փաստաթղթով և Ձեր անձնագրով, անձամբ ներկայացեք իրավահյուպատոսական բաժին: Մենք կհաստատենք Ձեր վերադարձը: Սույն ծառայությունը անվճար է: Այնուհետև Դուք Ձեր վերադարձը հաստատող գրությունը կուղարկեք օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչություն:

Որտե՞ղ են այն փաստաթղթերը, որոնք հրավիրողը դեսպանություն էր ուղարկել դեռ շաբաթներ առաջ:

Խնդրում ենք բոլոր փաստաթղթերը ուղարկել դիմողին և ոչ թե դեսպանություն: Դիմողները Ձեր կողմից ստացած փաստաթղթերը, մյուս փաստաթղթերի հետ միասին, գործերը հանձնելիս անձամբ պետք է ներկայացնեն դեսպանություն:

Յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր դիմողներ են այցելում Երևանում Գերմանիայի դեսպանություն, այդ պատճառով հնարավոր չէ տեսակավորել դեսպանություն ուղարկված չպահանջված փաստաթղթերը:

Դեսպանությունում վիզայի գործերը հանձնելուց առաջ ինչ-որ մեկն ինձ սխալ խորհրդատվություն է տրամադրել: Նա գումարի դիմաց լրացրել է իմ դիմում-հարցաթերթիկը և խոստացել, որ ես անպայման վիզա կստանամ: Ի՞նչ պետք է անել:

Ձեր դիմում-հարցաթերթիկում առկա յուրաքանչյուր տվյալի համար պատասխանատու եք միայն Դուք:

Խնդրում ենք տրամադրել միայն ճշմարիտ տվյալներ և բոլոր տվյալները լրացնել առողջ դատողությամբ: Մի´ հավատացեք որևէ մեկի խոսքին, որ անպայման վիզա են տրամադրում, եթե դիմում-հարցաթերթիկը լրացված է արհեստավարժ: Ոչ ոք չի կարող Ձեզ հավաստիացնել, որ Դուք վիզա կստանաք: Դիմում-հարցաթերթիկի հարցերին յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն պատասխանել: Լրացնելու վերաբերյալ ցուցումներ կարող եք գտնել մեր ինտերնետային էջում:

Վիզայի ընթացակարգի վերաբերյալ այլ հարցեր

Schengener Staaten